Իրանի դիվանագիտական պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում՝ հայտնում է Tehran Times-ը։ Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի իրանա-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հրատապ հարցեր։               
 

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
28.04.2026 | 10:21

Արդյո՞ք սա մեզ սպասվող իրական երկընտրանք է, թե՞ մտացածին։

Իսկ արդյո՞ք Աստծո և մարդկանց խոստացած խաղաղությունը նույնն է։ Եկեք քննենք Աստվածաշնչով:․

1․ Խաղաղության ձգտումը մարդու բնական վիճակն է, քանի որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ։ Իսկ Աստված խաղաղության Աստված է (Հռոմ․ 15։32, Փիլ․ 4։9)։

2․ Առաքյալի բերանով ունենք Տեր Հիսուս Քրիստոսի խոստումը, որ խաղաղության Աստվածը շուտով պիտի խորտակի սատանային քրիստոնյաների ոտքերի տակ (Հռոմ․ 16։30), ուստի քաջալերվեցե՛նք, քանի որ մեր Տերը հաղթեց աշխարհին (Յովհ․ 16։33)։

3․ Խաղաղության Աստուած ոչ միայն խաղաղություն է տալիս, այլ նաև սրբացնում ու անարատ պահում մեր հոգին, շունչը և մարմինը (Ա Թես․ 5:23), հաստատ պահում բարի գործերի մեջ, որպեսզի կատարենք իր կամքը.․․» (Եբր․ 13։20)։

4․ Իսկ ի՞նչ տեսակ խաղաղություն է խոստանում մեր Տերը մեզ Ավետարանում․ «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք» (Յովհ․ 14:27)։

5․ Այս խաղաղությունը ներքին է ու մնայուն, իսկ աշխարհի խաղաղությունը միշտ փխրուն է, անցողիկ և պայմանական, այն հիմնված է զենքի ուժի, վախի, շահի, զիջումների կամ մարդկային դաշինքների վրա։ Աստվածային խաղաղությունը հիմնված է ճշմարտության, արդարության և Աստծուն ապավինելու վրա։ Եթե մարդկային խոստացված «խաղաղությունը» պահանջում է հրաժարվել արժանապատվությունից կամ արդարությունից, ապա այն հակասում է Աստծո խոստացած խաղաղությանը։

6․ Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության (Բ Տիմոթեոս 1:7)։ Ամեն վախ, այդ թվում պատերազմի հանդեպ վախը սատանայական գործիք է, որով չարը փորձում է մահվան երկյուղով մարդկանց գերության մեջ պահել (Եբր․ 2։14-15)։

7․ Ճշմարիտ հովիվն իր հոտին առաջնորդում է Աստծո տված զորությամբ և ողջախոհությամբ, հույսով և արդարությամբ, ոչ թե՝ սարսափով, սին պատրանքներով ու փուչ խոստումներով։ Մեր Տերն ասաց․ «Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն» (Մատթ․ 7։15-16)։

8․ Տեր Հիսուս Քրիստոս մեզ երկրային դրախտ չի խոստացել, այլ զգուշացրել է պատերազմների մասին․ «Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։ Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ» (Մատթ․ 7։15-16)։ Այսինքն, պետք է պատրաստ լինել բոլոր առումներով այս ամենին։

9․ Երեմիա մարգարեի բերանով Աստված ասում է․ «Իմ ժողովրդի դստեր վէրքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ «Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն». բայց ո՞ւր է խաղաղութիւնը։ Խայտառակ եղան, որովհետեւ ձախողուեցին, բայց ամօթի զգացում ունեցողների պէս չպատկառեցին եւ իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար էլ իրենց կործանումն են գտնելու, եւ երբ իրենց պատժելու լինեմ՝ բնաջնջուելու են» (Երեմ․ 6:14)։

10․ Իսկ ի՞նչ անել․ «Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք։ Ձեր ամէն ինչը սիրով թող լինի» (Ա Կորն․ 16:13-14)։

Եզրակացություն․

Աշխարհում պատերազմներ եղել են և գնալով սաստկանալու են՝ մինչև անօրենի` նեռի գալուստը, որը մարդկանց խաբելու է խաղաղության և անվտանգության կեղծ խոստումներով ու տանի դեպի հոգևոր ստրկացում։ «Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու» (Ա Թես․ 5։3)։

Իրական անվտանգությունը ոչ թե մարդկային հնարքների, այլ Աստծո հանդեպ հավատարմության, ազգի արժանապատվության, Տիրոջ կամքին համապատասխան գործելու և Աստծուց ստացած օրհնության մեջ է։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 253

Մեկնաբանություններ